ՍՐՎԱՆՁՏՅԱՆ (Սրվանձտյանց) Գարեգին Ավետիսի. ծնվել է 1840 թվականի նոյեմբերի 17-ին Վանում: Բանասեր, բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ: Ավարտել է Վարագավանքի ժառանգավորաց դպրոցը: Եղել է «Արծվի Վասպուրականի» թերթի խմբագրի տեղակալ, 1862-ին՝ Մշո Ս. Կարապետ վանքի ժառանգավորւսց վարժարանի տնօրեն-ուսուցիչ, 1863-65-ին՝ «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթի խմբագիր: Սրվանձտյանի նախաձեռնությամբ բացվել են բազմաթիվ դպրոցներ: 1867-69-ին՝ Կարինի վարժարանների լիազոր տեսուչ, 1869-ին՝ Մշո Ս. Կարապետ վանքի վանահոր փոխանորդ, միաժամանակ՝ Ազգային սահմանադրության գործադրիչ Վասպուրականում: 1872-ին մասնակցել է Վանում կազմակերպված «Միություն ի փրկություն» ազգային-ազատագրական գաղտնի խմբակի ստեղծմանը: 1879-81-ին՝ Վանի հոգևոր առաջնորդի փոխանորդ օգնական, մասնակցել է «Սև խաչ» հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին: 1881-ին թուրքական կառավարության պահանջով հեռացել է Վանից, մի շարք հոգևոր պաշտոններ վարել Բադեշում, Խարբերդում, Տրապիզոնում, Մուշում, Կ. Պոլսում: 1886-ին Էջմիածնում օծվել է Եպիսկոպոս, նշանակվել Տրապիզոնի, այնուհետև՝ Տարոնի վիճակավոր առաջնորդ, միաժամանակ՝ Մշո Ա. Կարապետ վանքի վանահայր: Սրվանձտյանի հայրենասիրական քարոզչական գործունեությունը հարուցել է թուրքական կառավարության դժգոհությունը. որպես քաղաքական անբարեհույս անձ պաշտոնազրկվել է: Ազգագրության և հնագիտության բնագավառում կատարած աշխատանքների համար ընտրվել է Ս. Պետերբուրգի Կայսեր, հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ:

1860-61-ին և 1878-81-ին շրջագայել է հայաբնակ բազմաթիվ բնակավայրերում, ծանոթացել ժողովրդի կենցաղին, հավաքել ու գրի առել ժողովրդական բանավոր ստեղծագործության նմուշներ, նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները, հավատալիքները: «Գրոց ու բրոց» (1874) աշխատությունն ավանդությունների ու զրույցների ժողովածուն է, որի հավելվածում տեղ է գտել «Սասնա ծռեր» էպոսի իր հայտնաբերած ու գրառած «Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ» վերնագրով առաջին պատումը: «Հնոց եւ նորոց» (1874) ժողովածուն պարունակում է հիմնականում գրավոր աղբյուրներ («Պատմութիւն վասն Դաւթի եւ Մովսէս Խորենացւոյ», «Թուղթ Դիոնիսիոսի» և այլն) և «Քեշէ Պոլոյ» բանավոր զրույցը: «Մանանայ» (1876) ժողովածուն բաղկացած է «Հայրենեաց համ ու հոտ», «Հայրենեաց վէպք եւ զրոյց», «Երգք եւ նուագ հայրենեաց», «Հանելուկներ, առակներ, նորելուկներ» և այլ բաժիններից, ժողովածուում տրված է նաև Վանի թաղամասերի ու պատմական հու-շարձանների նկարագիրը, ներառված են նաև հեքիաթներ: «Թորոս Աղբար»-ում (մաս 1, 2, 1879, 1884, ռուս.՝ 1887) շոշափվում են երկրի արդիականության, գյուղատնտեսության, հայերի արտագնացության ու գաղթականության հետ կապված հարցեր: «Համով-հոտով» ժողովածուն (1884) նվիրված է Հայաստանի տեղավայրերին, պատմական հուշարձաններին, ներկայացված են Մովսես Խորենացին, Եղիշեն. Գրիգոր Նարեկացին և այլք: Ժողովածուում տեղ են գտել հեքիաթներ («Իմաստուն ջուլհակ», «Օձամանուկ եւ Արեւահատ», «Դժիկոն»), գեղջկական երգեր («Սիրըս նման էր...», «Լուսնեակն անուշ», «Արտուտիկ»), քրդական «Սարէ Սիփանէ կամ Սիամանդո և Խջեգարե» սիրավեպի հայկական տարբերակներից մեկը: Մէծ արժեք են ներկայացնում Սրվանձտյանի գրքերում զետեղված «Ակնայ ժողովրդական երգերի» շարքը, հայկական հեքիաթները, առակները, ասացվածքները, առածները, ժողովրդական ստեղծագործության մյուս նմուշները: Մահացել է 1892 թվականի նոյեմբերի 17-ին Կ. Պոլիսում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Սասնա Ծռեր, «Էդիթ պրինտ» հրատ., Երևան, 2015 թ.:

 Երկ. Երկ., հատոր 1, 2, Ե., 1978, 1982: 

Գրկ. Կոստանդյան է. Ա., Գարեգին Սրվանձտյանց. Ե., 1979:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am