ՍՏԵՓԱՆԵ (Ստեփանյան) Խորեն (Ստեփան) Հարությունի. ծնվել է 1840 թվականն  Թիֆլիսում: Մանկավարժ, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, բանաստեղծ: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ավարտել Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1858), ՄՊՀ պատմալեզվաբանական ֆակուլտետը (1862): 1862-ին վերադարձել է Թիֆլիս, զբաղվել մանկավարժությամբ, 1868-ին հիմնել է Մարիամյան օրիորդաց, 1869-ին՝ Հավլաբարի առաջին երկսեռ դպրոցները: 1864-ի նոյեմբերից հրատարակել է «Հայկական աշխարհի կռունկ» (1866-ից՝ «Հայկական աշխարհ») ամսագիրը: 1871-ին ձեռնադրվելով վարդապետ՝ դասավանդել է Վաղարշապատի ժառանգավորաց և ծխական դպրոցներում: 1872-ին՝ Երևանի թեմական դպրոցի վերատեսուչ, 1873-77-ին աշխատել է Շուշիում, Թիֆլիսում և Բաքվում: 1878-80-ին դասավանդել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում, խմբագրել «Արարատ» հանդեսը: 1880-ին Եվրոպայում մանկավարժության մեջ հմտանալով՝ նշանակվել է Ախալցխայի և Ախալքալաքի առաջնորդ, փոխանորդ և հայկական դպրոցների տեսուչ, խմբագրել է «Մանկավարժանոց» (1884-87) պարբերականը: 1887-95-ին աշխատել է Մոսկվայում, Ս. Պետերբուրգում, Վաղարշապատում, Աստրախանում: Ցարական իշխանությունների հրահանգով 1895-1900-ին մեկուսացվել է և ուղարկվել Նոր Նախիջևանի Ս. Խաչ վանքը: Սակայն այստեղ ևս շարունակել է իր հրատարակչական գործունեությունը և ստացած եկամուտը տրամադրել Կիլիկիայի ու Վանի հայկական նորաբաց դպրոցներին: Զբաղվել է նաև գրական-բանասիրական գործունեությամբ, գրել բանաստեղծություններ («Հյուսիսափայլում» տպագրվել է իշխան Բագրատունի կեղծանունով), կատարել թարգմանություններ, փոխադրություններ: Հատկապես արժեքավոր է Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ Ստեփանեի փոխադրությունը աշխարհաբարի (իր իսկ ընդարձակ ծանոթագրություններով տպագրվել է 1889-ին): Մահացել է 1900 թվականի նոյեմբերի 14-ին Թիֆլիսում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am