ՍՏԵՓԱՆՈՍ ԴԱՇՏԵՑԻ. ծնվել է  1653 թվականին Նոր Ջուղայում: Բանաստեղծ, հանելուկագիր, ժամանակագիր, հրապարակախոս: Մինչև 1604-ի բռնագաղթը նախնիները բնակվել են Գողթն գավառի Դաշտ գյուղում: Սովորել է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի դպրոցում, ձեռնադրվել սարկավագ, ապա թողել է կրոնավորի պաշտոնը և զբաղվել վաճառականությամբ, եղել տարբեր երկրներում: Ենթադրվում է, որ ուսանել է նաև Հռոմի Ուրբանյան վարժարանում:

Դաշտեցին գրել է բազմաթիվ երգիծական-պարսավական և խրատաիմաստասիրական տաղեր, որոնք պատմական, ագգագրական, բարբառագիտական և բանահյուսական արժեք ունեն, աշխարհիկ բովանդակությամբ 22 հանելուկ՝ կիրառելով հանելուկների ստեղծման նոր հնարանքներ: Թողել է նաև մի ժամանակագրություն՝ «Կարգ թագաւորաց հնդկաց» (մոտ 1719, Մատենադարան, ձեռագիր № 1786), որտեղ արժեքավոր տեղեկություններ կան 18-րդ դարի սկզբի Հնդկաստանի քաղաքական անցուդարձի վերաբերյալ: Հեղինակ է դավանաբան-հրապարակախոսական երկերի, որոնցից առավել արժեքավոր են «Մախաղ փշրանաց» (1700, Մատենադարան, ձեռագիր № 9689), «Խնդիր ուղղութեան» (1706, Մատենադարան, ձեռագիր № 673), «Կոչնակ ճշմարտութեան» (1714-15, մեզ է հասել միմյանցից էապես տարբեր երկու օրինակով. Մատենադարան, ձեռագիր № 8111, 9049) երկերը, որտեղ հեղինակը հայտնում է ինքնակենսագրական մանրամասներ, տեղեկություններ իր գաղափար, հակառակորդների, անցյալի և ժամանակի նշանավոր դեմքերի, դեպքերի, տարբեր ժողովուրդների կենցաղի, սովորույթների, կրոնի, քաղ. կարգերի մասին: Լինելով կաթոլիկամետ մտածող՝ հակադրվել է հակամիարարներին, հայ ժողովրդի ազատագրումը պայմանավորել կաթոլիկության ընդունմամբ, պաշտպանել է Հռոմի պապի գերագահությամբ քրիստոնեական աշխարհի միավորման գաղափարը: Խոսելով Հայաստանի այդ ժամանակի ծանր կացության մասին՝ հավատացել է իր ժողովրդի վերածննդին: Մահվան թիվը անհայտ է: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Մելիք-Բախշյան Ս. Տ, Ստեփանոս Դաշտեցու մի ժամանակագրության մասին. «Գիտ աշխատ. ԵՊՀ», 1955, հատոր 47, պրակ 2: 

Միրգոյան Հ , XVII դ. հայ Փիլիսոփայական մտքի քննական վերլուծություն, Ե., 1963: Մնացականյան Ա. Շ.. Հայ միջնադարյան հանելուկներ, Ե.. 1980:

Սիմոնյան Ս., Նորայայտ տաղասաց մը. Ստեփանոս Դաշտեցի: Ուսումնասիրութիւն եւ տաղեր, Բեյրութ, 1981:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am