ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ Գաբրիել Մկրտումի. ծնվել է 1825 թվականի հունիսի 29-ին (հուլիսի 11-ին) Թիֆլիսում: Դրամատուրգ, հասարակական գործիչ։ Հայ գրականության մեջ ռեալիզմի սկզբնավորողներից։ Սովորել է հայագետ Հ. Շահան–Ջրպետյանի դպրոցում (1832-37), Արզանյանների պանսիոնում (1838-40), Թիֆլիսի ռուսական գիմնազիայում (1840-46), ավարտել Ս. Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը (1852)։ 1853-58-ին ապրել և աշխատել է Դերբենդում։ 1858-ին վերադարձել է Թիֆլիս, պաշտոնավարել Կովկասի երկաթուղային վարչությունում։

Սունդուկյանի գրական-թատերական գործունեությունը զուգադիպել է Հարավային Կովկասում կապիտալիզմի սկզբնավորմանը, և այդ շրջանի բարդ ու հակասական սոցիալ-տնտեսական հարաբերություններն են արտացոլված նրա ստեղծագործության մեջ։ Սունդուկյանը հայ դրամատուրգիային տվել է թեմատիկ լայն ընդգրկվածություն, ժամանակի հրատապ խնդիրներ առաջադրելու կարողություն, առաջինն է պատկերել քաղաքային կյանքն ու կենցաղը, հասարակության ստորին խավերին, շեշտել նրանց ազնվությունն ու մարդկայնությունը, արծարծել ընտանիքի ն ամուսնության, կնոջ անիրավահավասարության, երիտասարդության, դրամատիրական հասարակության մեջ հայրերի ու որդիների փոխհարաբերության և այլ հարցեր։ Զարգացրել է ժողովրդավարության ու ռեալիզմի գաղափարները և նշել հայ դրամատուրգիայի հետագա առաջընթացի նոր ուղիներ։

Սունդուկյանի ստեղծագործության առաջին շրջանն սկսվել է «Գիշերուան սաբրը խեր է» (1866) կատակերգությամբ։ Այդ շրջանի գործերը («Խաթաբալա», 1881 (առաջինՀեղինակ՝ Եփրեմ Սավարյան: տարբերակ), «Օսկան Պետրովիչն էն կինքումը», 1899, «Եւայլն կամ Նոր Դիոգինէս», 1907) հիմնականում ուրախ կատակերգություններ են (ֆարս, կատակ, վոդևիլ), որտեղ հեղինակը քննադատել է դրամատիրությունը, կեղծավորությունը, ձևամոլությունը։ «Խաթաբալա» կատակերգության մեջ Սունդուկյանը նշավակում է աղջկան խարդախ միջոցներով ամուսնացնել ցանկացող առևտրականին։

Սունդուկյանի ստեղծած կատակերգություններն ունեն սոցիալական մեծ հնչողություն։ «Էլի մէկ զոհ» (1884, առաջին տարբերակը՝«Մալխաս») պիեսի հակադրությունը հայրերի ու որդիների միջև է. որդիները սերը զոհաբերում են ծնողների՝ դրամի վրա խարսխված ձգտումներին։ Սունդուկյանի տաղանդի բարձրակետը «Պեպո» (1876) թատերգությունն է, որը պատկերում է երկու սոցիալական խավերի՝ բուրժուազիայի ու ժողովրդական զանգվածների հակադրությունը։ «Պեպոն» հայ ռեալիստական դրամատուրգիայի նշանավոր երևույթներից է։ Պիեսի գլխավոր հերոսն օժտված է հոգևոր բարձր հատկանիշներով, նրա բախումը Զիմզիմովի հետ վերածվում է ողբերգության, որը հասարակական մի ամբողջ խավի ողբերգությունն է։ Իրականության գեղագիտական պատկերը Սունդուկյանը տվել է գործողության զարգացմամբ, կերպարների ճշմարտացի պատկերմամբ։ «Քանդած օջախ» (1882) կատակերգությունը մի ընտանիքի կործանման պատմությունն է։ «Վարինկի վեչեր» (1877, «Մշակ») միակ պատմվածքումս, ստեղծել է աշխատավոր խավի կյանքի պատկերը։

Վերջին շրջանում գրել է «Ամուսիններ» (1888, գրական լեզվով միակ երկը), «Բաղնըսի բոխչա» (1889), «Սէր եւ ազատութիւն» (1909), «Կտակ» (1912) պիեսները, թարգմանել է Մոլիերի «Ժորժ Դանդեն» կատակերգությունը։

1872-76-ին «Մշակում» տպագրվել են Սունդուկյանի ֆելիետոնները՝ «Համալի մասլահաթնիրը», 1882-86-ին «Արձագանքում»՝ «Հադիդի մասլահաթնիրը»։ Դրանք հրապարակախոսական-երգիծական բնույթ ունեն և շոշափում են հասարակական սոցիալական ու կենցաղային հարցեր։ «Իմ մահն ու թաղումը» (1911, «Մշակ», № 59) գործում համերաշխության, եղբայրության և մարդասիրության կոչ է անում Կովկասի ժողովուրդներին։

Սունդուկյանը գրել է թիֆլիսահայ բարբառով, օգտագործել ժողովրդական բանահյուսությունը, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, դրության և խոսքի կոմիզմ։ Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով, բառի ճշգրիտ և տեղին գործածումով։

Սունդուկյանը եղել է ճանաչված հասարական և թատերական գործիչ, բարեգործ, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի հոգաբարձու, Թիֆլիսի պատվավոր քաղաքացի։ Սունդուկյանի պիեսները բեմադրվել են նաև ռուսերեն, վրացերեն և այլ բեմերում։ Վրացերեն թարգմանությունները կատարել է ինքը։ Սունդուկյանը ստեղծել է իր՝ սունդուկյանական թատրոնը, եղել իր պիեսների խստապահանջ ռեժիսորը։ Նրա երկերի հիման վրա ստեղծվել են կինոնկարներ («Պեպո», 1935, «Խաթաբալա», 1971, երկուսն Էլ՝ Հայֆիլմ)։ Սունդուկյանի ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել ոչ միայն հայ դրամատուրգիայի, այլև հայ գրականության հետագա զարգացման վրա։ Մահացել է 1912 թվականի մարտի 16 (29)-ին Թիֆլիսում: Թաղված է Խոջիվանքի գերեզմանատանը:

Սունդուկյանի անունով են կոչվել Երևանի պետական ակադեմիական թատրոնը և փողոցներ, դպրոցներ ՀՀ-ում։ Սունդուկյանի անվան թատրոնի բակում կանգնեցված են Սունդուկյանի կիսանդրին և Պեպոյի արձանը (քանդակագործներ՝ Ա. Հարությունյան, Գ. Ահարոնյան)։

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Հարությունյան Ս., Գաբրիել Սունդուկյան, Երևան, 1960թ.։ 

Թերզիբաշյան Վ., Հայ դրամատուրգիայի պատմություն, գիրք 2, Երևան, 1964թ.։

Ասմարյան Լ., Գաբրիել Սունդուկյան, կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 1980թ.։

Գաբրիել Սունդուկյան. 1825-1912թ.։ 

Կենսամատենագիտական ցանկ, Երևան, 1976թ.։

Ստեղծագործություններ

Սունդուկյան Գ., Երկեր, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1984 թ.:

Երկերի լիարժեք ժողովածու (միհատորյակ), Երևան, 1934թ.։ 

Երկերի լիարժեք ժողովածու, հատոր, 1-4. Երևան, 1951-1961թ.։ 

Երկերի ժողովածու, հատոր 1-3, Երևան, 1973-1975թ.։

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am