ՍՅՈՒՐՄԵՅԱՆ Արտավազդ [աշխարհիկ անունը՝ Տիգրան, ծնվել է 1889 թվականի մայիսի 16-ին Ակնում (Խարբերդի նահանգ): Ձեռագրագետ, պատմաբան, բանասեր: Արքեպիսկոպոս (1932): Սովորել է Կ. Պոլսի Արամյան, Կեդրոնական ու Պերպերյան վարժարաններում: Եղել է ուսուցիչ, ապա տեսուչ՝ Բիլեջիկի, Էսկիշեհիրի վարժարաններում: 1918-ին կարգվել է Կոնիայի առաջնորդական փոխանորդ: Հայ բնակչությանն օգնելու համար աքսորվել է Կարին: 1923-ին վերադարձել է Կ. Պոլիս, նվիրվել բարեգործ-խնամակալական գործունեության:

Սյուրմելյանը հրատարակել և խմբագրել է «Հայ քնար» (1906), «Սասուն» (1909), «Հայ խոսնակ» (1924-1925) պարբերականները, «Տաթև» տարեցույցը (1925-30): Աշխատությունները նվիրված են ձեռագրագիտությանը («Նկարագիր Օշին թագաւորի ձեռագիր ժամագիրքին...», 1933, «Ցուցակ հայերէն ձեռագրաց Հալէպի Ա. Քառասուն Մանկունք եկեղեցւոյ եւ մասնաւորաց», 1935, «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Հալէպի եւ Անթիլիասի ու մասնաւորաց», հատոր 2, 1936, «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Երուսաղէմի Արբոց Հակոբեանց վանքի», հատոր 1, 1948, «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Եւրոպայի մասնաւոր հաւաքումներու», հատոր 1, 1950), պատմագիտությանը («Պատմութիւն Հալէպի հայոց», հատոր 1-3, 1940- 1950, «Պատմութիւն Հալէպի ազգային գերեզմանատանց եւ արձանագիր հայերէն տապա-նաքարերու», 1935, «Հայկական կյանքն ու մշակույթը Հալեպում XVIII դարում», ֆրանսերեն, 1934): Հրատարակել է նաև տեղագրական բնույթի ուսումնասիրություններ («Պաղրասի բերդը», 1937, «Դամասկոս», 1938, «Սամարիա», 1941), նորավեպեր, հուշագրական գործեր («Էրթողրուլ», 1914, «Թշուառի զգայնութիւններ», 1947, «Դէպի Հայաստան», 1946): Աշխատակցել է «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Հայաստանի կոչնակ», «Էջմիածին» պարբերականներին: Հանդես է եկել նաև Սոսի կեղծանունով: Մահացել է 1951 թվականի սեպտեմբերի 27-ին Փարիզում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am