ԹԱՄՐԱԶՅԱՆ Հրանտ Սմբատի. ծնվել է 1926 թվականի սեպտեմբերի 6-ին Աչաջուր գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): Գրականագետ, քննադատ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1964), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1970): Հ.Հ. Թամրազյանի հայրը: Ավարտել է ԵՊՀ (1948): 1954-ից դասախոսել է ԵՊՀ-ում, 1968-80-ին՝ խորհրդահայ գրականության, 1980-2001-ին՝ հայ գրականության ամբիոնների վարիչ: Հրատարակել է «Շիրվանզադե. կյանքը և գործը» (1961, բրփխ. հրտ.՝ 1978), «Սիամանթո» (1964, վերահրտ.՝ 2004), «Երիտասարդ Չարենցը» (1974, ՀԳՄ 1-ին մրցանակ՝ 1973), «Դերենիկ Դեմիրճյան» (1977), «Եղիշե Չարենց» (1987), «Վահան Տերյան» (1985), «Հակոբ Ասատուրյան» (1993), «Հայ քնարերգուներ» (հատոր 1, 1996, հատոր 2, 1999), «Քուչակի բանաստեղծական աշխարհը» (2001) մենագրությունները, «Գրական ուղիներում» (1962), «Պոեզիան պատմության քառուղիներում» (1971), «Գրական դիմանկարներ, հոդվածներ» (գիրք 1, 1975, գիրք 2, 1998) ժողովածուները, «Հայ քննադատություն» (գիրք 1-3, 1983- 1993, ՀԳՄ Մ. Նալբանդյանի անվան մրցանակ՝ 1986) աշխատությունը և այլն: Թամրազյանը նորովի և համակողմանի մեկնաբանել է հայ գրականության և քննադատական մտքի պատմության ամբողջ, ընթացքը, վեր է հանել գրական երկերի ակունքների սոցիալական քաղաքական ազգային-հասարակական, հոգեբանական ազդակներն ու գեղագիտական յուրահատկությունները, բացահայտել ազգային գրականության կենսափիլիսոփայության և համամարդկային նշանակությունը:

Գրել է նաև միջնադարյան դպրոցի 9-րդ դասարանի «Հայ գրականության» (1957, բրփխ. վերահրտ.՝ 1969, ՀՀ Պետ. մրց.՝ 1974) և «Սովետահայ գրականության պատմություն» (1984) դասագրքերը: Մահացել է 2001 թվականի փետրվարի 9-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am