ՏԱՇՅԱՆ Հակոբոս (Թաշճյան Փրանկիսկոս Մելքոնի). ծնվել է 1866 թվականի հոկտեմբերի 25-ին Արծաթի գյուղում (Էրզրումի նահանգ): Ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ: Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1885), քահանա (1889): Ավարտել է Վիեննայի Մխիթարյան միաբանության վարժարանը (1889): 1893-1912-ին եղել է Վենետիկում, Բեռլինում (այստեղ ուսումնասիրել է Արքունի մատենադարանի հայկական ձեռագրերը). Զմյուռնիայում, Կաբինում, Տայոց աշխարհում («Տայոց աշխարհ, Փոքր Հայք ու Խաղտիք», 1917-18, անտիպ): Տաշյանի գիտական հարուստ ժառանգության մեջ առանձնանում է «Ցուցակ հայերեն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա» (1895) աշխատությունը, որտեղ քաղաքակրթությանը, հայոց պատմությանը և այլ հարցերի վերաբերող 573 ձեռագրերի նկարագրությունն է: Տաշյանի բանասիրական բնույթի աշխատություններից հատկանշելի է «Ագաթանգեղոս առ Գեորգայ ասորի եպիսկոպոսին...» (1891) գիրքը: Արժեքավոր լրացումներով, հունական, ասորական, արաբական, եթովպական և այլ աղբյուրների հետ համեմատելով՝ հրատարակել է «Վարդապետութիւն առաքելոց անվաւերական կանոնաց մատեան»-ը (1896): Խմբագրել, ծանոթագրել և լրացումներով լույս է ընծայել Հ. Գաթըրճյանի «Սրբազան Պատարագամատոյցք հայոց» (1897) աշխատությունը: Հայաստանի պատմական աշխարհագրությանն է նվիրված «Հին Հայաստանի արեւմտեան սահմանը. Փոքր Հայք եւ Կողոփենէ (Սեբաստիա)» (1917-18, հրատ.՝ 1948) աշխատությունը: Մեծ Եղեռնի և հայ ժողովրդի տարագրության պատմությանն է նվիրված «Հայ բնւսկչութիւնը Սեւ ծովէն մինչեւ Կարին» (1921) աշխատությունը: Ուշագրավ է Տաշյանի «Ուսումն դասական հայերէն լեզուի» (1920) ուսումնասիրությունը (հիմքում ընկած է է Սպենյանի աշխատությունը), որի «Ա դպրութիւն. Անգիր ժամանակք» (1920) մասն է միայն լույս տեսել: Նա դիտարկել է մասնավորապես գրաբարի անցած ուղին: Հայերենի ցեղակցության խնդրում հետևել է Հ. Հյուբշմանին՝ միաժամանակ ընդգծելով ակնհայտ մերձավորությունը իրան, լեզուներին: Ըստ Տաշյանի՝ հայոց լեզուն փոխազդեցությունների մեջ է եղել բազմաթիվ այլ լեզուների հետ, բայց չի կորցրել իր ինքնությունն ու հնդեվրոպական բնույթը: Տաշյանը եղել է նաև հմուտ բառագետ և եզրագետ: «Բառախօսական դիտողութիւններ հայերէն գիտական լեզուի մասին» (1926) աշխատությունում տվել է եվրոպական լեզուներում գործածվող գիտական եզրերի հայերեն համարժեքները: Գրել է հոդվածներ, որոնք շոշափել են հայերենի, հայոց այբուբենի, հնչյունաբանության, պատմության, Հայաստանի տեղագրության և այլ հարցեր: Կատարել է գեղարվեստական և գիտական թարգմանություններ գերմաներենից, ֆրանսերենից, անգլերենից, լատիներենից: Մահացել է 1933 թվականի փետրվարի 3-ին Վիեննայում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Ցուցակ հայերէն ձեռագրաց կայսերական մատենադարանին ի Վիեննա, Վիեննա, 1891:
Ակնարկ մը հայ հնագրութեան վրայ, Վիեննա, 1898:
Ժողովածոյք առակաց Վարդանայ, Վիեննա, 1900:
Մատենագրական մանր ուսումնասիրուինք, մաս 1, 2, Վիեննա, 1895, 1901. մաս 3, ՀԱ, 1900-01:
Արշակունի դրամներ, մաս 1, 2, Վիեննա, 1917, 1961:
Հաթեր եւ ուրարտեանք, Վիեննա, 1934:
Գրկ. Ակինյան Ն, Յակոբոս վրդ. Տաշեան, ՀԱ, 1933, №1-2:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am