ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ Երվանդ Գալուստի. ծնվել է 1879 թվականին նոյեմբերի 7(19)-ին  Հառիճ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): Բանասեր-պատմաբան, բառարանագիր: Փիլիսոփայական (1904) և բանասիրական (1943) գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1945): ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1959): Էջմիածնի վանքի վարդապետ (1905): Մ. Ե. և Լ. Ե. Տեր-Մինասյանների հայրը: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում (1892), ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, սովորել է Լայպցիգի և Բեռլինի համալսարաններում (1900-04): Դասավանդել է Գևորգյան ճեմարանում, եղել Էջմիածնի տպարանի տնօրեն: 1910-ին հրաժարվել է հոգևոր կոչումից, նվիրվել գիտամանկավարժական գործունեության: 1921-ին նշանակվել է Էջմիածնի կուլտուրապատմական ինստիտուտի (հետագայում՝ Հայաստանի պատմության ինստիտուտ) գիտքարտուղար, «Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի» տարեգրքի խմբագիր: 1943-49-ին՝ ԵՊՀ օտար լեզուների ամբիոնի վարիչ: «Հայոց եկեղեցու յարաբերութիւները ասորւոց եկեղեցիների հետ» (1908) աշխատության մեջ և մի շարք հոդվածներում հետազոտել է հայկական և ասորական եկեղեցիների փոխազդեցությունները: Քննել է հայ գրավոր մշակույթի, լեզվի պատմության հարցեր, ճշգրտել հայոց այբուբենի ստեղծման թվականը, անդրադարձել Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հասարակական, լուսավորչական, թարգմանական գործունեությանը («Ոսկեդարի հայ գրականությունը», 1946, «Հայոց գրերի գյուտի թվականի և այլ հարակից խնդիրների մասին», ԲՄ, 1964, № 7): «Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից» (1968) ուսումնասիրության մեջ քննության է ենթարկել միջնադարյան (պավլիկյան, թոնդրակյան և այլն) աղանդները:

Տեր-Մինասյանը հրատարակել է աղբյուրագիտական-բնագրագիտական մի շարք գործեր, որոնցից են 1904-ին Երևանի Ս. Աստվածածին մայր Եկեղեցում նրա հայտնաբերած Իրենիոսի (Երանոս) «Ցոյցք առաքելական քարոզութեանն» (հրատ.՝ 1907, Կ. Տեր-Մկրտչյանի հետ) երկը, որի հունական բնագիրը կորել է, Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւն» (1908, Կ. Տեր-Մկրտչյանի հետ) և այլն: 1957-ին պատրաստել է Եղիշեի «Վասն Վարդանա եւ Հայոց պատերազմին» երկի քննական բնագիրը և հրատարակել աշխարհաբար զուգահեռ փոխադրությամբ: Տեր-Մինասյանի համահեղինակությամբ լույս են տեսել «Ռուս-հայերեն նոր բառարան» (հատոր 1, 2, 1933, 1935), «Հայ-ռուսերեն բառարան» (1947), իսկ իր հեղինակությամբ՝ «Օտարազգի դարձվածքների գրպանի բառգրքույկ» (1935) և այլն: Մահացել է 1974 թվականի հուլիսի 12-ին Երևանում:  

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Ընդհանուր Եկեղեցական պատմութիւն, հատոր 1, Հին եկեղեցին, Վաղարշապատ, 1908: 

Կրօնների պատմութիւն, Վաղարշապատ, 1909: 

Պատմա-բանասիրական հետազոտություններ, Ե., 1971:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am