ՏԵՐ-ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Հրանտ Միհրանի. ծնվել է 1892 թվականի հոկտեմբերի 22-ին Պարտիզակում: Գրականագետ, պատմաբան, թարգմանիչ: Ավարտել է Կ. Պոլսի համալսարանի գրականության ֆակուլտետը: 1913-24-ին՝ Ռոդոսթոյի և Կ. Պոլսի վարժարանների ուսուցիչ-տնօրեն, 1925-63-ին՝ Կ. Պոլսի Պեգազյան և Մխիթարյան դպրոցների ուսուցիչ, 1963-72-ին՝ Կեդրոնական վարժարանի տնօրեն: Միաժամանակ դասախոսել ու գիտական աշխատանք է կատարել Կ. Պոլսի համալսարանում, զբաղվել թուրքական պատմագրությանն առնչվող հայկական աղբյուրներով («Պատմության վերաբերյալ հայկական աղբյուրներ», 1950, «Ջալալիների ապստամբությունները ըստ հայկական մի աղբյուրի», 1963, «ԺԴ և ԺԵ դարերի թուրք պատմության վերաբերյալ հայերեն մանր ժամանակագրություններ և հիշատակարաններ», թուրքերեն, 1973):

Տեր-Անդեասյանի թուրքերեն թարգմանությամբ, ծանոթագրությամբ ու մեկնաբանություններով լույս են տեսել Երեմիա Չելեպի Քյոմուրճյանի «Պատմություն Ստամպոլա» (հատոր 1-3, 1952), Ղ. Ինճիճյանի «Ստամպոլ» (1956), Գ. Ակներցու «Պատմություն ազգին նետողաց» (1954), Սիմեոն Լեհացու «Ուղեգրություն, տարեգրություն եւ հիշատակարանք» (1964), Գ. Օղուլլուխյանի «Ժամանակագրություն» (1972), Պետրոս դի Սարգիս Գիլանենցու «Ժամանակագրություն Նադիր Շահի» (1974) աշխատությունները: Կատարել է թարգմանություններ ֆրանսերենից, անգլերենից, ռուսերենից: Մահացել է 1978 թվականի սեպտեմբերի 11-ին  Կ. Պոլիսում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am