ՏԵՐ-ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Երվանդ Գրիգորի. ծնվել է 1865 թվականի նոյեմբերի  9(21)-ին Պարաիզակում: Բանասեր, հրապարակախոս, թարգմանիչ, խմբագիր: Կրթությունն ստացել է Պարտիզակում: 1883-88-ին աշխատակցել է «Ընտանիք», «Երկրագունտ» պարբերականներին: 1895-ից, ուսուցչությանը զուգընթաց, որպես խմբագրապետ, հաջորդաբար աշխատել է «Արևելք», «Բյուզանդիոն», «Մանգումեի էֆքեար» օրաթերթերում: Հանդես է եկել միջազգային քաղաքականության, ազգ-մշակութային կյանքի, գրական-բանասիրական հարցերի վերաբերյալ հոդվածներով: Որոշակի ավանդ ունի արևմտահայ գրական լեզվի մշակման գործում, հիշատակելի են «Ծաղկաքաղ» (1889) հայ գրականության դասագիրքը և «Քերականական զրոյցները»: 1919-20-ին Կ. Պոլսում հրատարակել է «Նոր կյանք» օրաթերթը, տպագրել է Մեծ եղեռնից փրկվածների վկայություններ: 1922-ին ապրել է Բուլղարիայում, ապա տեղափոխվել Ֆրանսիա:

Աշխարհաբարի է վերածել շարականներ («Շարականք հայ Ա. եկեղեցւոյ», հատոր 1, 2, 1902, 1904), թարգմանել Ֆ. Վերֆելի «Մուսայ լերան քառասուն օրերը» (հատոր 1-2, 1935) և շվեյցարացի գրող, բանասեր, հոգևորական Կ. Բրեֆինի «Քրիստոս Ինքնակալ» պատմավեպը, որը ենթավերնագրել է «Առիւծարքայն Հայոց Տրդատէս» (1967): Հանդես է եկել նաև Ետան, Տարազ, Ահուրմազդա կեղծանուններով: Մահացել է 1945 թվականի ապրիլի 26-ին Լիոնում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Արծաթագիրք Երուանդ Տէր-Անդրէւսսեանի, վկայութիւներ հայ գրողներու եւ մտաւորսւկաններու կողմէ. Փարիզ, [1944]:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am