ՏԵՐՏԵՐՅԱՆ Արսեն. ծնվել է 1882 թվականի դեկտեմբերի 22-ին Շոշ գյուղում (այժմ ԼՂՀ Ասկերանի շրջանում): Գրականգետ-քննադատ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1943), պրոֆեսոր (1943): ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943): ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1940): Ավարտել է Շուշիի հոգևոր սեմինարիան (1902), ապա՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1905): Սովորել է Սանկտ Պետերբուրգի նյարդահոգեբանության ինստիտուտում (1907-09): 1905-07-ին հայ գրականության պատմություն է դասավանդել Շուշիի հոգևոր սեմինարիայում, 1909-20-ին՝ Երևանի թեմական դպրոցում: 1921-ից՝ ԵՊՀ դասախոս, 1929-53-ին՝ հայ գրականության ամբիոնի վարիչ: Գրել Է «Վահան Տերեան. ցնորքի, ծարաւի եւ հաշտութեան երգիչը» (1910), «Միքայել Նալբանդեան. ազգութեան հրապարակախօսը» (1910), «ՅովհաննԷս Թումանեան. հայրենի եզերքի քնարերգուն» (1911) և այլ գրականագիտաքննադատական ուսումնասիրություններ ու հոդվածներ, որոնցով հիմնավորել է հոգեբանության մեթոդի ինքնությունը հայ գրականագիտաքննադատական մտքի պատմության մեջ: Ըստ Տերտերյանի՝ գեղարվեստն իր բնույթով մոտ է գիտությանը, երկուսի համար էլ հատկանշական է գյուտը, հայտնագործումը: Գրական ստեղծագործության մեջ հիմք ընդունելով հոգեբանական կերտվածքը՝ Տերտերյանը այն ստորաբաժանել է երեք սեռի՝ «հուզական ապրումների գեղարվեստ» (քնարերգություն), «տիպականորեն պատկերացնող գեղարվեստ» (արձակ) և հրապարակախոսություն, որոնք միմյանց բացառող երևույթներ են: «Գրականության փիլիսոփայության» ոլորտում Տերտերյանը սահմանել է գեղեցիկի, տաղանդի, գեղագիտական իդեալի կատեգորիաները: Հետագայում նրա գրականագիտական գործունեության մեջ սկսվել է նոր շրջան, որը նշանավորվել է հոգեբանական դպրոցի գեղագիտական չափանիշների վերանայումով: Տերտերյանը գրական երևույթների ուսումնասիրման համար հիմք է ընդունել սոցիոլոգիական մեթոդը («Նկատողություններ մեր գյուղագիրների մասին», «Գրական ոճի սոցիոլոգիան», «Ֆրիչեն իբրև քննադատ», «Հայոց նոր գրականության պատմություն. 19-20-րդ դարերի առաջադրություններ», հոդվածներ):
Լույս է ընծայել «Մուրացան» (1936-39), «Երվանդ Օտյանի ստեղծագործությունը» (1937), «Րաֆֆու «Սամվել» պատմական վեպը» (1940), «Աբովյանի ստեղծագործությունը», «Պարոնյանի գեղագիտական հայացքները» (1941), «Վալերի Բրյուսովը և հայ կուլտուրան» (1944), «Վ. Գ. Բելինսկի: Ռուս մեծ քննադատ հրապարակախոսը» (1948), «Պերճ Պռոշյան» (1955), «Շիրվանզադեի գրական տիպերի հանրագիտարանը» (1959) ուսումնասիրությունները. որոնք ուղենիշ եղան հայ գրականագիտության զարգացման համար: Անցյալի ժառանգության գնահատման գլխավոր չափանիշ համարելով գրականության պատմագիտական-ճանաչողական նշանակությունը՝ Տերտերյանը հետազոտության իր մեթոդի շրջանակներն ընդլայնել է համապարփակ վերլուծության տարրերով՝ գրական-գեղարվեստական երևույթները քննելով պատմական, տիպաբանական և գործառութային համարժեքների միասնության մեջ: Մահացել է 1953 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանում:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Երկ., Ե., 1960:
Երկ.. Ե , 1980:
Հայ կլասիկներ. Ե.. 1944:
Գրկ. Սարինյան Ս.. Արսեն Տերտէրյան, ՊԲՀ. 1982, № 4 Արսեն Հարությունի Տերտերյան, Ե., 1966 (Սովետական Հայաստանի ականավոր գիտնականները, № 11):
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am