ՏԵՐՎԻՇՅԱՆ Սերովբե. ծնվել է 1846 թվականի հունվարի 10-ին Կ. Պոլիսում: Լեզվաբան: Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1864), վարդապետ (1866): Տիրապետել է հունարենի, լատիներենի, գերմաներենի, սանսկրիտի, պահլավերենի և այլ լեզուների: 1870-ին լույս է տեսել Տերվիշյանի «Էօմրի Էվլիա» («Սրբերի վարքը», հատոր 2) հայատառ թուրքերեն, 1872-ին՝ «Ս. Հուստինոսի պատասխանատուութիւնք» (հատոր 1-2, գրաբար) կրոնաբարոյախոսական գրքերը: «Հին հայերենի Ք» (գերմաներեն, 1877) աշխատության մեջ դիտարկել է հայ-ի ք հնչյունն ունեցող բառերը և փորձել բացահայտել այդ հնչյունի համապատասխանություններն այլ լեզուների համարժեք տարրերի (միավորների) հետ: «Հնդեւրոպական նախալեզու» (1885) աշխատությունն ամփոփում է հնդեվրոպաբանության առավել կարևոր նվաճումները, հանգամանորեն պարզաբանում նախալեզվի հետ կապված հարցերը, անդրադառնում հնդեվրոպական հին քա¬ղաքակրթության պատմությանը, հնդեվրոպա¬բանության անցած ուղուն: Հիմնել և խմբագրել է «Լեզու» (1887-88) հայերեն առաջին լեզվաբան, հանդեսը: Ըստ Տերվիշյանի՝ հնդեվրոպական նախալեզուն մարդկային նախաստեղծ լեզուն չէ, իսկ մարդկային լեզուն մենակունք չէ, այդ հասարակական է, հատուկ է բանական էակներին: Հայերենի ցեղակցության խնդրում տուրք չտալով իրան, տեսությանը՝ Տերվիշյանը որոշակի դիրքավորում չի ցուցաբերել: Կատա¬րել է հայերեն բառերի մի շարք ճշգրիտ ստուգաբանություններ, անդրադարձել Պերսեպոլիսի սեպագիր արձանագրությունների պատմությանը և լեզվին («Պերսեպոլսոյ սեպագիրք», ՀԱ, 1887-89): Գրել է նաև «Այրի մայրն ու միամօր որդեակը» (1871) ողբերգությունը: Մահացել է 1892 թվականի հունվարի 1-ին Կ. Պոլիս: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Ադայան Է., Հայ լեզվաբանության պատ¬մություն, հատոր 1, Ե., 1958:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am