ՏԵՐՅԱՆ (Տեր-Գրիգորյան) Վահան Սուքիասի, ծնվել է 1885 թվականի փետրվարի 9-ին, Գանձա գյուղում (այժմ՝ Վրաստանի Նինոծմինդայի շրջանում): Բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ։ Ն. Վ. Տերյանի հայրը։ Սկզբնական կրթությունն ստացել է Գանձայի ծխական, Ախալքալաքի քաղաքային դպրոցներում, Թիֆլիսի գիմնազիայում (1897-99)։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1899–1906), ՄՊՀ պատմաբանասիրական ֆակուլտետում (1906–1913), Ս. Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում (1913-17)։

Առաջին բանաստեղծությունները հրապարակել է ճեմարանում իր խմբագրած «Հույս» աշակերտ, ձեռագիր ամսագրում։ 1908-ին Թիֆլիսում լույս է տեսել «Մթնշաղի անուրջներ» բանաստեղծությունների ժողովածուն, որը մի նոր դարագլուխ է բացել հայ քնարերգության պատմության մեջ։ 1910-12-ին Տերյանը կազմակերպել է Մոսկվայի գրական խմբակը (Պ. Մակինցյան, Կ. Միքայելյան, Ց. Խանզադյան, Ա. Մյասնիկյան) և լույս ընծայել «Գարուն» գրական-գեղարվեստական ալմանախի 3 հատորը։ 1912-ին հիմնադրել Է «Պանթեոն» հրատարակչական ընկերությունը, որը նույն թվականին տպագրել է նրա «Բանաստեղծություններ» գրքի 1-ին հատորը։ Այստեղ զետեղված են վերամշակված «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն և նոր շարքեր՝ «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Վերադարձ»։ Կյանքի պետերբուրգյան տարիներին գրել և ամբողջացրել է բանաստեղծությունների 2-րդ հատորը։ 1914-ի ապրիլի 30-ին Թիֆլիսում հանդես է եկել «Հայ գրականության գալիք օրը» ծրագրային զեկուցումով, որն իր նշանակությամբ ձեռք է բերել 20-րդ դարի նորագույն շրջանի հայ գրականության հռչակագրի արժեք։ Դրանով Տերյանը ազդարարել է պատմամշակութային մի շրջափուլի ավարտը և նորի սկիզբը։

1915–16-ին Տերյանը մասնակցել է Վ. Բրյուսովի կազմած «Հայաստանի պոեզիան...» (ռուսերեն) և հատկապես Մ. Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածու» (ռուսերեն) գրքերի ստեղծման աշխատանքներին։

Տերյանը մեծ հույսեր է կապել Հոկտեմբերյան հեղափոխության հետ՝ հուսալով, որ այն փրկություն կբերի նաև իր ժողովրդին։ 1917-ին անդամակցել է բոլշևիկյան կուսակցությանը, ընտրվել Համառուսաստանյան ԿԳԿ անդամ։ Աշխատել է Ազգությունների ժողկոմատում՝ վարելով հայկական գործերի բաժինը։ 1917-ի նոյեմբերին կոմիսարիատի խորհրդին ներկայացրել է «Թուրքահայաստանի մասին զեկուցագիր» և «Դեկրետ Հայաստանի մասին» նախագիծը։ 1917-18-ին, որպես հայկական գործերի խորհրդական, մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին։ 1919-ին Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմատի կարևոր հանձնարարությամբ գործուղվել է Միջին Ասիա. ճանապարհին վախճանվել է։

Տերյանը բարենորոգչական գործունեությունը ծավալվել է այն տարիներին, երբ համաշխարհային մշակույթն ու արվեստը ապրում էին «գեղարվեստական հեղափոխության շրջան»։ Արվեստին տրվում էր որոշակի ուղղություն, որը Տերյանի ստեղծագործության մեջ դրսևորվեց խորհրդապաշտ, գեղագիտությամբ։ Նրա ստեղծագործությունն արմատապես վերափոխեց հայ պոեզիան։ Պոեզիայի քնարական հերոսն այլևս ոչ թե նախկին գեղջուկն էր, այլ քաղաքի միջավայրում ապրող և տառապող մարդը։ Դրանով պայմանավորվեց միջավայրի, ապրումների, տրամադրությունների, լեզվի ու պատկերային համակարգի փոփոխությունը։ Նրա՝ «զտարյուն քնարերգուի» բերած ապրումները, հատկապես անհույս սիրո, թախծի ու տառապանքի զգացմունքները դարձան համամարդկային, ընդհանրական։ Տերյանի ստեղծագործությունն իր ներքին լիցքերն ստացել է ազգային, հանրային և մարդկային կյանքի բարդ ու ողբերգական հեղաբեկումներից։ Դա մի շրջան էր. երբ գոյության հիմքերը կորցրած սերնդի համար կարևորագույն նախապայման էր կյանքի իմաստի որոնումը։ Այդ իմաստը Տերյանի քնարական հերոսը որոնել է սիրո մեջ։

Տերյանը հետևողականորեն կիրառել և կատարելության է հասցրել բանաստեղծական  շարքերի սկզբունքը։ Հոգեբանական տարբեր անցումներով հանդերձ՝ այդ շարքերը («Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Վերադարձ», «Կատվի դրախտ» և այլն) ստեղծում են քնարական հերոսի ներքին կյանքի ամբողջական համակարգ։ Բանաստեղծի կյանքի նպատակը դառնում է ապրելու իրավունքը խորհրդանշող մեծ սիրո անընդհատ, անվախճան որոնումը:

 Տերյանը նորովի է անդրադարձել հայրենիքի քաղաքական ճակատագրին։ Նա տեսել է Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) արհավիրքները, Արևմտյան Հայաստանի ամայացումը, իր ժողովրդին պատուհասած արյունոտ Եղեռնն ու բռնագաղթ։ Այլևս անիմաստ էր կառչել հայրենիքի անցյալը ոգեկոչող պատմական հիշատակներից։ Այդ իսկ պատճառով նա պատկերել է իր հայրենիքի «անխինդ» և «լացի» ներկան, «խեղճ» գյուղերն ու «տխրության սովոր» դեմքերը։ Բանաստեղծը գիտեր, որ «Մեզ չի հասկանա օտարերկրացին», որ «Հայրենիքում իմ արնաներկ գիշերն իջավ անլույս ու լուռ» և վերջին ճիգով նա ջանում է փրկել հայրենիքի սրբազան տեսիլը. «Մշուշի միջից,–տեսիլ դյութական,- բացվում է կրկին Նաիրին տրտում...»։ Եվ որպես կոչ ու պատգամ՝ տեսնում է հրով մկրտված նաիրյան ոգին։

Տերյանը արմատական հեղաշրջում կատարեց հայկական տաղաչափության մեջ՝ վանկային համակարգով գրված բանաստեղծությունների կողքին ստեղծելով նաև վանկաշեշտային կառուցվածքով գրված գործեր։ Նա բացառիկ կատարելության հասցրեց հայ բանաստեղծության կշռույթը՝ սկսած ոտքից ու տողից մինչև տուն և հնչյուն, կազմություն։ Նրա լեզուն իր հղկվածությամբ, մաքրությամբ և հարստությամբ արևելահայ գրական լեզվի ամենաբարձր ու կատարյալ դրսևորումներից է։ Նա ստեղծեց իր ուրույն գրական ոճը և դպրոցը, որին հարեցին նոր մուտք գործող շատ բանաստեղծներ։

Տերյանը գրել է նաև գրական-քննադատական և հրապարակախոսական հոդվածներ, կատարել թարգմանություններ։ Նրա գրական ժառանգության անբաժան մասն են կազմում նաև նամակները։

Երևանում և ՀՀ այլ քաղաքներում Տերյանի անունով կոչվել են դպրոց, փողոց, Գանձայում՝ դպրոց։ 1957-ից ծննդավայրում գործում է Տերյանի տուն-թանգարանը, 1967-ից անցկացվում են ամենամյա տերյանական պոեզիայի օրեր։ Տերյանի կիսանդրիները դրված են Երևանում (նրա անվան դպրոցի առջև, 1965), Օրենբուրգում (1974. երկուսն էլ՝ քանդակագործ՝ Ա. Շահինյան). Տերյանի տուն-թանգարանի առջև, հուշարձանները՝ Երևանի Օղակաձև զբոսայգում (2000, քանդակագործ.՝ Ն. Կարգանյան), Հարավ-արևմտյան թաղամասում (2007, քանդակագործ ՝ Ն. Նիկողոսյան)։ Վահան Տերյանը մահացել է 1920 թվականի հունվարի 7-ին: Թաղվել է այժմ վերացված հայկական գերեզմանատանը. որպես Տերյանի խորհրդանշական աճյուն՝ 1970-ին այդ գերեզմանատնից մի բուռ հող է բերվել և ամփոփվել Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Տերտերյան Ա., Վահան Տէրեան։ Ցնորքի ծարաւի և հաշտութեան երգիչը, Թիֆլիս, 1910թ.։

Հակոբյան Ս., Վահան Տերյան, Բեռլին, 1923թ.։ 

Սարգսյան Խ., Վահան Տերյան, Երևան, 1926թ.։ 

Պարտիզունի Վ.. Վահան Տերյան։ Ստեղծագործությունը, Երևան, 1968թ.։ 

Նույնի, Տերյանի կենսապատումը, Երևան, 1984թ.։ 

Մակինցյան Պ., Դիմագծեր, Երևան, 1980թ.։ 

Գրիգորյան Կ., Վահան Տերյան, Երևան, 1983թ.։

 Գասպարյան Դ, Հելիկոնի աստղը, Երևան, 1988թ.։ 

Ջրբաշյան է., Վահան Տերյանի տաղաչափական համակարգը, Երևան, 1995թ.։

Ստեղծագործություններ

Տերյան Վ., Բանաստեղծություններ, «Սովետական գրող»  հրատ., Երևան, 1985 թ.:

Երկերի ժողովածու, հատոր 1-4, Կ. Պոլիս-Երևան, 1923-1925թ.։ 

Բանաստեղծություններ, Լիակատար. ժողովածու, Երևան, 1940թ.։ 

Երկեր ժողովածու, հատոր 1-4. Երևան, 1972-1979թ.։ 

Բանաստեղծություններ, Լիակատար ժողովածու, Երևան, 1985թ.։ 

Երկերի լիակատար ժողովածու, Երևան, 2005թ.։

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am