ԹՈԹՈՎԵՆՑ Վահան Հովհաննեսի [18.7.1894, քաղաք Մեզիրե (Խարբերդի նահանգ)-18.7.1938,Երևան], գրող: Ավարտել է Խարբերդի Ազգային կեդրոնական վարժարանը (1907), աշակերտել է Հ. Թլկատինցուն և Ռ. Զարդարյանին: 1908-ին մեկնել է Կ. Պոլիս, 1909-ին` Փարիզ, ապա ` Նյու Յորք: 1912-ին ընդունվել է Վինսկոնսինի համալսարանը, հետևել գրականության, պատմություն և փիլիսոփայության դասընթացների: 1915-16-ին մասնակցել է հայ կամավոր շարժմանը, կռվել Անդրանիկի զորաջոկատում, եղել է նրա գրագիրն ու վարել օրագրությունը, որը 1920-ին հրատարակել է «Զօր Անդրանիկ և իր պատերազմները» վերնագրով` Արսեն Մարմարյան կեղծանունով: 1917-18-ին խմբագրել է Անդրանակի հրատարակած «Հայաստան» թերթը: Սերտ կապի մեջ է եղել Հ. Թումանյանի հետ: Հեղինակ է բանաստեղծությունների գրքույկներ («Աւերակ», 1908, «Սրինգ», 1909), վրիպակների («Իմ հօրաքոյրը», 1916, «Տոնոն» 1917), պոեմների («Ողբ անմահության», 1917, «Արեւելք», 1918), երգիծական վեպի («Դոկտոր Բուրբոնեան», 1918), բանասիրական ու գրականագիտական հոդվածների, որոնցում արտահայտված` Թոթովենցի մտահոգությունը հայ ժողովրդի ազգային-քաղաքական ճակատագրի նկատմամբ: Թոթովենցը 1920-ի մայիսին մեկնել է Կ. Պոլիս: 1922-ին վերադարձել է Հայաստան: Հրատարակվել են Թոթովենցի «Փոթորիկին մեջ» (1922), «Մահվան բատալիոն» (1923), «Պողպատե ճաշ» (1924), «Նոր Բյուզանդիոն» (1925, համամիութենական Մրցանակ, բեմադրվել է նաև Փարիզում), «Սասնա ծռեր» (1925), «Հրդեհ» (1927) դրամատիկական ստեղծագործությունները, «Նյու Յորք» (1927), «Կոմսոմոլ Կարոյի արկածներից» (1927), «Գյումրի-Նյու Յորք» (1929, համահեղինակ`Ե. Չուբար) վիպակները և այլն:

1929-36-ը Թոթովենցի ստեղծագործական կյանքի առավել արգասավոր շրջանն է լույս են տեսել «Ամերիկա» (1929) պատմվածաշարը, «Ատատուր և Կլեոպատրա» (1929), «Աղավնիներ» (1934), «Բաց կապույտ ծաղիկներ» [1935, կինոնկար` «Կտոր մը երկինք», 1980, Հայֆիլմ] պատմվածքները, «Բաքու» (1930-34) եռահատոր վեպը և այլն:

Թոթովենցի լավագույն գործերից են նաև «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» (1933, ռուսերեն` 1963, անգլերեն` 1971) ինքնակենսագրական վեպը, «Հրկիզված թղթեր» (1934), «Հովնաթան որդի Երեմիայի» (1934) վիպակները, «Երկու սուր» (1930), «Բաքու-Լոնդոն» (բեմ.` 1932), «Մոխրակույտ» (1936) պիեսները: Թոթովենցը գրել է նաև «Աստղաձոր» օպերայի լիբրետոն, գրականագիտական ուսումնասիրություններ ու հրապարակախոսական գործեր: Թարգմանվել է Վ. Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ», «Անտոնիոս և Կլեոպատրա» ողբերգությունները, Հ. Ջավիդի «Սեյավուշ» պատմական չափածո դրաման: 1936-ին անհիմն բռնադատվել է և գնդակահարվել: Հետմահու արդարացվել է (1954):

 

 Գրականության ցանկ

«Ով Ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Երկ. Ե. 1957, Պատմուածքներ, ԿՊ. 1921, Պատմուածքներ, Բոստոն 1921:

Կապույտ ծաղիկներ, Ե. 1972:

Երկ. Հ. 1-3, Ե. 1968-91:

Գրկ. Մանուկյան Ս. Վահան Թոթովենց, Ե. 1959:

Արզումանյան Ս. Վահան Թոթովենց. Ե. 1961:

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am