ԹՈՒՄԱՆՅԱՆ Հովհաննես Թադևոսի. ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Դսեղ գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): Բանաստեղծ, արձակագիր, գրական-հասարակական գործիչ: Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլիի (այժմ՝ Ստեփանավան) ծխական դպրոցում: 1883-87-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Թումանյանը սկսել է ստեղծագործել 1880-ական թթ. կեսից: Որպես բանաստեղծ հայտնի է դարձել 1890-ական թթ. («Բանաստեղծություններ», հատոր 1-2, 1890-92): Թումանյանի ստեղծագործական հասունության և ժողովրդայնության ամենաբարձր փուլը սկսվել է 20-րդ դարի առաջին տարիներին: Թումանյանի ստեղծագործական սկզբունքները հատկապես ցայտուն են դրսևորվել պոեմներում ու բալլադներում: «Հառաչանք», «Լոռեցի Սաքո», «Մարո», «Անուշ» (համանուն օպերա՝ 1912, կինոնկար՝ 1983) պոեմներում պատկերված է հայ նահապետ, գյուղն իր սովորույթներով, պատկերացումներով, սոցիալ-կենցաղային հակասություններով: 1894-ին Թումանյանը գրել է «Դեպի Անհունը» պոեմը, որում բանաստեղծն անդրադառնում է կեցության հավերժ, գաղտնիքներին, կյանքի ու մահվան առեղծվածին: «Պոետն ու Մուսան» պոեմում ծաղրել է անտարբեր ու գռեհիկ վերաբերմունքը ստեղծագործական աշխատանքի, գրողի և հասարակության փոխհարաբերության նկատմամբ: Թումանյանի ստեղծագործությունն զգալիորեն կապված է բանահյուսության հետ («Սասունցի Դավիթ», 1902, պոեմ): Նրա բալլադների հիմքում ընկած են հայկական և արևելյան լեգենդներ ու ավանդություններ («Ախթամար», 1892, «Փարվանա», 1903, «Թմկաբերդի առումը», 1902, «Հսկան», 1908, «Մի կաթիլ մեղր», 1909, «Աղավնու վանքը», 1913, «Թագավորն ու չարչին», 1917): 20-րդ դարի սկզբին Թումանյանը մշակել է երկու տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ [«Տերն ու ծառան» (1908), «Ոսկու կարասը» (1908), «Քաջ Նազար» (1912)], փոխադրել Գրիմ եղբայրների, ռուսական, հնդկական, ճապոնական, իտալական և այլ ժողովրդական հեքիաթներ:

Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնցում առանձնանում է «Գիքոր» (1895, հրտ.՝ 1907, համանուն կինոնկար՝ 1934, 1982) պատմվածքը: Մանկական գրականության լավագույն էջերից են «Շունն ու կատուն» (1886, հրտ.՝ 1892), «Անբախտ վաճառականներ» (1886, հրտ.՝ 1899), չափածո և արձակ այլ գործեր: Կյանքի վերջին տարիներին (1916-22) գրել է բազմաթիվ քառյակներ, որոնք իրենց տեսակի մեջ կատարյալ են:

Կոմիտասի հետ:1899-ին Թումանյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը: Թումանյանը հանդես է եկել նաև հոդվածներով, որոնցում արծարծվել են հասարակական կյանքին, գրականությանը, բանահյուսությանը, հայոց լեզվի զարգացմանն առնչվող հարցեր: Գրել է հետազոտություններ Նահապետ Քուչակի, Նաղաշ Հովնաթանի, Սայաթ-Նովայի մասին: Կատարել է թարգմանություններ Ա. Պուշկինից, Ջ. Բայրոնից, Մ. Լերմոնտովից:

Թումանյանը ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել: 1905-1907-ին մեծ ջանքեր է գործադրել ցարական իշխանությունների հրահրած հայ-թաթարական ընդհարումներին վերջ տալու համար: Այդ պատճառով երկու անգամ ձերբակալվել է (1908-09, 1911-12): Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սերտորեն համագործակցել է զորավար Անդրանիկի հետ, երկու անգամ եղել Արևմտյան Հայաստանում, անձամբ (դստեր հետ) մասնակցել Էջմիածնում հավաքված արևմտահայ գաղթականության և հատկապես որբ երեխաների խնամքի կազմակերպմանը: 1918-ին հիմնել է Հայոց հայրենակցական միությունների միությունՀովհաննես Թումանյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Արա Սարգսյանն է, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ (ՀՀՄՄ)՝ տեղերում ժողովրդի ինքնապաշտպանության գործը կազմակերպելու նպատակով: Առաջին աշխարհամարտի ավարտից հետո ՀՀՄՄ շրջանակներում Թումանյանի գլխավորությամբ ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ Փարիզում հրավիրվելիք վեհաժողովին պատերազմում հայերի կրած վնասների մասին փաստաթուղթ պատրաստելու համար: Թումանյանի թանգարան կա Երևանում, տուն-թանգարան՝ Դսեղում: Նրա անունով են կոչվում Երևանի տիկնիկային թատրոնը, դպրոցներ, փողոցներ, գրադարաններ Երևանում և երկրի տարբեր քաղաքներում: 1980-ին ՀԳՄ սահմանել է Թումանյանի անվան ամենամյա գրական մրցանակ:

Թումանյանը մահացել է 1923 թվականի մարտի 23-ին Մոսկվայում, թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում, սիրտը՝ Դսեղ գյուղում: 


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Թումանյան Հովհ., Բանաստեղծություններ, հ. 1, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Եր., 1988:

 Թումանյան Հովհ., Պոեմներ, հ. 3, ՀԽՍՀ ԳԱ հրատ., Եր., 1989: 

Թումանյան Հովհ., Ընտիր երկեր, հ. 2, «Սովետական գրող» հրատ., Եր., 1985:

Թումանյան Հովհ., Պոեմներ, հ. 4, Հայաստանի ԳԱ հրատ., Եր., 1991: 

 Թումանյան Հովհ., Բանաստեղծություններ, քառյակներ, պեոմներ, լեգենդներ և բալլադներ, «Լույս» հրատ., Եր., 1986: 

Թումանյան Հովհ., Ընտիր երկեր, <<Սովետական գրող>> հրատ., Եր., 1978 թ.

Երկ. Երկ. ժող., հ. 1-6, Ե., 1940-59:

Երկ. ժող., հ.1-4, Ե., 1969: 

ԵԼԺ, հ. 1-10, Ե, 1988-99:  

Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ, հ. 1-4, 1964-85:  

Գրկ. Տերտերյան Ա., Հովհաննես Թումանյան Հայրենի եզերքի քնարերգուն, Վւսղարշապատ, 1911:

 Թումանյան Ն, Թումանյանը քննադատ, Ե., 1939 Նույնի, Հովհաննես Թումանյան, Մատենագիտություն, Ե., 1961:  

 Հախվերդյան Լ., Թումանյանի աշխարհը, Ե., 1966: Նույնի, Թումանյանը և հայոց պատմական ճակատագիրը, Ե., 2000:  

 Ինճիկյան Ա., Հովհաննես Թումանյան. Կյանքի և ստեղծագործության պատմությունը, Ե., 1969:  

Թումանյանը ժամանակակիցների հուշերում, Ե., 1969:  

 Մկրյան Մ., Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը, Ե., 1981:  

 Ջրբաշյան Է., Թումանյանի պոեմները, Ե., 1986: Նույնի, Թումանյան, ստեղծագործության պրոբլեմներ, Ե., 1988: 

 Կարապետյան Լ., Հովհաննես Թումանյանի հասարակական գործունեությունը, Ե., 1992: 

 Այվազյան Հ., Զորավար Անդրանիկ և Հովհաննես Թումանյան, Ե., 2004:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am