ԹԵՔԵՅԱՆ Վահան Գալուստի ծնվել է 1878 թվականի հունվարի 21-ին Կ. Պոլիսում բանաստեղծ, հրապարակախոս։ Սովորել է Կ. Պոլսի Ներսեսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարաններում։ Աշխատել է Կ. Պոլսի ապահովագրական ընկերություններից մեկում, այնուհետև, որպես առևտրային պաշտոնյա, մեկնել է Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Եգիպտոս։ 1905-ին Ալեքսանդրիայում Ս. Կյուրճյանի հետ հիմնել է «Շիրակ» հանդեսը (1909-ին Կ. Պոլսում հրատարակվել է որպես շաբաթաթերթ), եղել «Արև», «Ժողովուրդի ձայն» և այլ պարբականների խմբագիր։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո մասնակցել է որբահավաքման գործին, ուսուցչություն է արել Կ. Պոլսի, Կիպրոսի և այլ հայկական գաղթավայրերի ազգային վարժարաններում։ Թեքեյանը արևմտահայ դասական բանաստեղծության վերջին և սփյուռքահայ բանաստեղծության առաջին խոշոր դեմքն է։ Առաջին ստեղծագործությունը՝ «Կաղանդը Կեսարիոյ մէջ», տպագրվել է 1894-ին՝ Կ. Պոլսի «Հայրենիք» թերթում, բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Հոգերը», 1901-ին՝ Փարիզում։ «Հրաշալի յարութիւն» (1914) ժողովածուի «Արարատի դաշտին մէջ», «Հայրենի զրոյցներով» շարքերում պատկերել է հայ ժողովրդի հերոսական անցյալը։ «Կէս գիշերէն մինչեւ արշալոյս» ժողովածուում նկարագրել է Մեծ եղեռնի սարսափները։ Անհատի զգացմունքները, հույզերն ու ձգտումները համամարդկային հնչողության են հասնում «Սէր» (1933) բանաստեղծությունների ժողովածուում։ Թեքեյանը գրել է բանաստեղծություններ Հայաստանի մասին («Ներկայ Հայաստանին» շարքը), ոգևորվել նրա առաջընթացով։ Լույս է ընծայել «Հայերգութիւն» (1943), «Տաղարան» (1945) ժողովածուները։ Թեքեյանի պոեզիան առանձնանում է ձևի հղկվածությամբ ու նրբությամբ։ Նա հայ գրականության մեջ սոնետի խոշոր վարպետներից է։ Գրել է նաև «Եթէ Տէրը կամենայ» վեպը, «Սարի Ֆուրթունի արկածը» (1922) վիպակը, պատմվածքներ ու քրոնիկներ, հրապարակախոս, ու գրականագիտական հոդվածներ։ Թարգմանել է Վ. Շեքսպիրի սոնետներից, Շ. Բոդլերի, Պ. Վեռլենի և ուրիշների բանաստեղծություններից։ Մահացել է 1945 թվականի ապրիլի 4-ին Կահիրեում: Երևանում և Գյումրիում կան Թեքեյանի անվան դպրոցներ։ Նրա անունով է կոչվել Բեյրութում հիմնադրված Թեքեյան մշակութային միությունը, որը 1990-ից գործում է նաև Հայաստանում։
Գրականության ցանկ
Աղբյուրներ
Վահան Թեքեյան-100. Տարեգրություն։ Մատենագիտություն, Երևան, 1978թ.։
Երկեր, Երևան, 1958թ.։
Ամբողջական երկեր, հատոր 1-9, Կահիրե, 1949-1950թ.։
Հատընտիր, Երևան, 1978թ.։
Նամականի, Լոս Անջելես, 1983թ.։
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am