ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ Ղլիճենց, Ոսկան վարդապետ. ծնվել է 1614 թվականին  Նոր Ջուղայում: Տպագրիչ, գրահրատարակիչ, լեզվաբան, արքեպիսկոպոս: Սովորել է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում (Խաչատուր Կեսարացու դպրոցում): 1629-ին մեկնել է Էջմիածին, ապա՝ Երևան, Մելքիսեթ Վժանեցու մոտ ուսումնառությունից հետո վերադարձել է Նոր Ջուղա: 1634-ին Փիլիպոս Ա Աղբակեցու հրավերով կրկին գնացել է Էջմիածին, եղել է Ուշիի Ս. Սարգիս վանքի վանահայրը, որտեղ դոմինիկյան վանական, գիտնական Պաուլո Պիրոմալլիից լատիներենի,  փիլիսոփայության, երկրաչափության, աստղաբաշխության դասեր է առել, իսկ նրան ուսուցանել հայերեն: 1662-ին Հակոբ Ջուղայեցու հանձնարարականով մեկնել է Եվրոպա՝ Աստվածաշունչը հայերեն հրատարակելու: 1664-ի աշնանը ստանձնել է Ամստերդամի Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի անվան տպարանի տնօրինությունն ու 1666-ի մարտի 11-ին իր աշակերտներ Կարապետ Անդրիանացու և Օհան Երևանցու հետ սկսել ու 1668-ին ավարտել է Աստվածաշնչի տպագրությունը: Այստեղ Ոսկան Երևանցին հրատարակել Է ևս 14 անուն գիրք, այդ թվում՝ «Հանդերձ Աստուծով: Գիրք այբուբենից՝ յաղագս նորեկ տղայոց եւ մանկանց...» (1666), իր հեղինակած «Քերականութեան գիրք...»-ը, Նոր կտակարան (1668), Մովսես Խորենացուն վերագրվող «Գիրք աշխարհացը»՝ միջնադարյան հայ առակների ժողովածուի («Գիրք աշխարհաց եւ սսռասպելաբանութեան, որ է Աղուէսագիրք») հետ (1668). Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանցը» (1669), Շարակնոց (1665, 1669): 1669-ին տպարանը փոխադրել է Լիվոռնո, 1672-ին՝ Մարսել, հրատարակել ևս 8 անուն գիրք, այդ թվում՝ առաջին անգամ Գրիգոր Նարեկացու Մատյանը՝ «Գիրք աղօթից» (մնացել է անավարտ), առաջին տպագիր աշխարհաբար, նաև առաջին տպագիր թվաբանության գիրքը՝ «Արհեստ համարողութեան» (1675): Տպարանը, որը Ոսկան Երևանցու պատվին կոչվել է Ոսկանյան, գործել է մինչև 1686-ը, հրատարակել 40 անուն հայերեն գիրք: Մահացել է 1674 թվականի փետրվարի 4 (14)-ին Մարսելում:

Ոսկան Երևանցին հայ հին տպագրության ամենախոշոր դեմքն է Հակոբ Մեղապարտից  հետո:

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Զարբհանալյան Գ., Պատմութիւն հայկական տպագրութէւսն. Վենետիկ, 1895թ.:

Լեո, Հայկական տպագրութիւն, հատոր 1, Երևան,1904թ.:

Լեվոնյաև Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Երևան, 1958թ.:

Իշխանյան Ռ., Հայ գրքի տպագրություն, հատոր 1, Երևան, 1977թ.:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am