ՈՍԿԱՆՅԱՆ Ստեփան, Ստեփան Ոսկան (1825, Զմյուռնիա -1901, Զմյուռնիա), հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ, մանկավարժ: Ավարտել է ծննդավայրի Մեսրոպյան վարժարանը: 1846-ին մեկնել է Փարիզ, սովորել Սորբոնի համալսարանում: 1852-54-ին Կ. Պոլսում և Զմյուռնիայում տպագրել է (ծածկանունով) «Ներքին համոզումն» (1853) և «Հռոմէական պարգեւ» (1854) պամֆլետները: 1855- 1856-ին Փարիզում մի խումբ համախոհների հետ հրատարակել է «Արևելք», 1859-ին և 1864-65-ին՝ «Արևմուտք» հանդեսները: Այստեղ ծանոթացել է Մ. Ղ. Նալբանդյանի հետ, արտատպումներ արել «Հյուսիսափայլից»: Ոսկանյանը հայ ժողովրդին կոչել է համախմբվածության, միասնության, թուրքական բռնակալության դեմ պայքարի: 1860-ին մեկնել է Իտալիա. Տուրինում խմբագրել է «Լ՚Իտալի» ֆրանսիական թերթը: 1865-ին հաստատվել է Զմյուռնիայում, աշխատել տեսուչ և ֆրանսերենի ուսուցիչ Մեսրոպյան ու Հռիփսիմյան վարժարաններում, հիմնել Ուսումնասեր ընկերությունը: 1869-91-ին հրատարակել է «Լա Ռեֆորմ» (Զմյուռնիա) ֆրանսերեն թերթը: 1880-ական թթ. աշխատակցել է «Արշալույս Արարատյան», «Մետեորա» և այլ պարբերականների: 1850-60-ական թթ. հայ գեղագիտական արձակի և հրապարակախոսության արժեքավոր նմուշներից են Ոսկանյանի «Ազգային պակասութիւն», «Հայ դիւցազնուհի մը», «Խաչատուր Աբովեան», «Քսանչորս ստութիւնք», «Լեռնականք», «Հայրենիք եւ հայրենասիրութիւն» և այլ գործեր: Ոսկանյանը եղել է աշխարհաբարի կողմնակից, գրել է հղկված և պատկերավոր լեզվով, մեծ տեղ է տվել լուսավորությանը, կարևորել Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը: Գրել է պատմվածքներ, բանաստեղծություններ, երգիծական գործեր, կատարել թարգմանություններ ֆրանսերեն գրականությունից: Հանդես է եկել Հարմա, Հրանտ, Վահե, Օ. Օ., Օրպել և այլ ծածկանուններով:  

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Լեո, Ստեփան Ոսկան, «Մուրճ», 1901. № 11-12: 

Հակոբյան Մ., Գալուստ Կոստանղյանը, Ստեփան Ոսկանյանը և Էմիլ Լիթրեն, ԲՀԱ, 1971, № 1:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am