ԵՐԵՄՅԱՆ Սիմոն. ծնվել է 1871 թվականի հոկտեմբերի 30-ին Տրապիզոնում: Բնագետ, գրող, բանասեր: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1895): Սովորել է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում: 1899-1905-ին՝ «Բազմավեպ», 1901-ին, միաժամանակ՝ «Գեղունի» հանդեսների խմբագիր: Հրատարակվել են «Նոր կենդանաբանութիւն եւ մարդաբանութիւն պատմական եւ նկարագրական» (1896), «Տարուինականութիւն կամ տեսակաց եւ մարդուս ծագման խնդիրը» (1898), «Հայ բժշկարանք» (1901) աշխատությունները: Ուշագրավ է «Պատկերազարդ բառգիրք գործնական գիտութեանց» (ֆրանս-հայերեն, հայ-ֆրանսերեն, 1900) աշխատություն-հանրագիտարանը: Երեմյանը գրել է նաև «Տուրկին» (1903), «Տագնապը» (1904) վիպակները, «Անէծք» (1903), «Սաթէնիկ» (1904), «Ուխտը» (1905) ողբերգությունները, «Պատկերներ, արձակ քնարերգական բանաստեղծութիւնները» (1913), հուշեր, ինչպես նաև «Կենսագրութիւն հ. Ալիշանի» (1902), «Գրական պատմութիւն եւ գեղեցիկը» (1915) գրականագիտական աշխատությունները: «Գրագէտ հայեր» (հատոր 1-10, 1913-33) աշխատության մեջ տվել է հայ մշակութային գործիչների՝ Ղ. Ալիշանի, Ղ. Աղայանի, Մ. Մամուրյանի, Հ. Պարոնյանի, Տ. Կամսարականի և ուրիշների դիմանկար-բնութագրականները: Մահացել է 1938 թվականին Միլանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Սխիթարեան վեհը, կենսագրական ստուերագիր տեառն գեր. Իգնատիոս վարդապետի Կիւրէղեան, Վնտ., 1904: Հայ միտքը, Վնտ., 1906:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am