ԵՍԱՅԱՆ (Հովհաննիսյան) Զապել Մկրտչի. ծնվել է 1878 թվականի փետրվարի 4-ին: Գրող, թարգմանիչ, հրապարակագիր: Տ. Թ. Եսայանի կինը: Ավարտել է Կ. Պոլսի Սկյուտարի Ս. Խաչ վարժարանը (1892), Փարիզում հետևել Սորբոնի համալսարանի և Կոլեժ դը Ֆրանսի գրականության և փիլիսոփության դասընթացներին (1895-ից): Աշխատակցել է պոլսահայ պարբերականներին: Լույս է ընծայել «Սկիւտարի վերջալոյսներ» (1905, «Արևելյան մամուլ»), «Կեղծ հանճարներ» (1905, «Արևելյան մամուլ»), «Հլուները եւ ըմբոստները» (1906, «Ազատ բեմ»), «Շնորհքով մարդիկ» (1907) վիպակները, որոնք աչքի են ընկնում հոգեբանական վերլուծության խորությամբ, իրականության իրապաշտական պատկերմամբ: Կիլիկիայի հայության ողբերգությունն է պատկերել «Աւերակներուն մէջ» (1911) գրքում, «Անէծքը» (1911) վիպակում և «Սաֆիէ» (1911), «Նոր հարսը» (1911) պատմվածքներում:

1915-ին ապաստանել է Թիֆլիսում, Մեծ եղեռնի մասին հիշողություններ հրապարակել Բաքվի «Գործ» ամսագրում: 1918-ին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և որբերի հավաքման ու տեղավորման գործը: Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորեալ» (1919) վիպակները: «Նահանջող ուժեր» (1923) վեպում արտացոլված է ժամանակի հասարակական-քաղաքական կյանքը: 1926-ին այցելել է Հայաստան և տպավորություններն ամբողջացրել «Պրոմեթէոս ազատագրուած» (1928) գրքում: 1933-ին հաստատվել է Հայաստանում, գրել «Կրակե շապիկը» (1934) վիպակը, «Սիլիհտարի պարտեզները» վեպ-հուշագրությունը (գիրք 1, 1935), «Բարպա Խաչիկ» (1936, հրտ.՝ 1966) վեպը, ինչպես նաև գրականության և արվեստի մասին հոդվածներ: Թարգմանել է Մ. Մետեռլինկի երկերից: Բռնադատվել է, մահացել բանտում 1941 թվականին , հետմահու արդարացվել: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Երկ., Ե., 1959: Նամակներ (1895-1935), Ե., 1977:

Գրկ. Արզումանյան Ս., Զապել Եսայան (կյանքը և գործը), Ե., 1965:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am