ԶԱՐԴԱՐՅԱՆ Ռուբեն [1874, գյուղաքաղաք Սևավերակ (Սևերեկի գավառ) – 1915, Մեծ եղեռնի զոհ], գրող, խմբագիր, հրապարակախոս: Հ. Ռ. Զարդարյանի հայրը: Աշակերտել է Հ. Թլկատինցուն: 1892–1903-ին ուսուցիչ է եղել Մեզիրեի ազգային Կեդրոնական վարժարանում, ձերբակալվել քաղաքական գործունեության համար (1903–04): 1905–08-ին ապրել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս, 1909-ին հիմնել «Ազատամարտ» թերթը: 1910-ին լույս է տեսել Զարդարյանի «Ցայգալոյս» (1812-ին` Ֆրանս., Փարիզում) գիրքը: Գրել է չափածո և արձակ բանաստեղծություններ («Մենաւոր ծառը», «Լեռան եղնիկին», «Բագինի փառաբանութիւնը» և այլն), նորավեպեր («Սեւ հաւը կանչեց», «Նահանջ», «Ապրելու համար», «Տան սէրը», «Սարերու տղան», «Զղջումը»), հեքիաթներ, լեգենդներ, գրականագիտական հոդվածներ: Կազմել ու հրատարակել է «Մեղրագետ» ընթերցարանը (6 գիրք): Թարգմանել է Մ. Գորկու, Վ. Կորոլենկոյի, Է. Վերհառնի, Պ. Շելլիի, Վ. Հյուգոյի, Օ. Ուայլդի, Ա. Ֆրանսի երկերից: Ձերբակալվել է, ուղարկվել Այաշ, Կոնիա, Հալեպ, որտեղ և զոհվել է:

Գրականության ցանկ

<<Ով ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Ամբողջական երկ. [մաս] 1, Փարիզ, 1930: Ցայգալույս, Ե., 1959:

Գրկ. Ռ. Զարդարեանի «Ցայգալոյսը», Գրական ասուլիսներ, 4, ԿՊ, 1913:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am