ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ Պերճ Արմենակի. ծնվել է 1938 թվականի հուլիսի 18-ին Ալեքսանդրիայում: Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1989): Ավարտել է Պյատիգորսկի (ՌԴ) օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը (1963), Մոսկվայի երկամյա բարձրագույն սցենարիստ, դասընթացները (1964): 1975-86-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար, 1986-90-ին՝ «Աղբյուր» ամսագրի խմբագիր, 1991-92-ին՝ ՀՀ մշակույթի նախարար: Զեյթունցյանի պատմվածքներում («Փարիզի համար», 1965, «Կատակերգություն առանց մասնակիցների», 1975, «Ամենատխուր մարդը», 1981, ժողովածուներ) և «Կլոդ Ռոբերտ Իզերլի» (1968) վիպակում վերլուծվում է ժամանակակից մարդու հոգևոր աշխարհը: «Արշակ Երկրորդ» (1977) պատմավեպում պատմական նյութի հիման վրա արծարծվում են արդիական հարցեր: Լույս են տեսել «Վերջին արևագալը» (1989, թարգմանվել է ֆրանսերեն՝ 2000, նվիրված է Գրիգոր Զոհրապին), «Հիսուս Նազովրեցին և իր երկրորդ աշակերտը: Խոր վիրապ» (2001), «Ծնվել է ու մահացել: Ամենատխուր մարդը» (2001, անգլերեն) գրքերը: Երևանի դրամատիկ, և Գ. Սունդուկյանի անվան թատրոններում բեմադրվել են Զեյթունցյանի «Ամենատխուր մարդը» (1974), «Ավերված քաղաքի առասպելը» (1975), «Աստվածների կանչը» (1980, ՀՀ Պետական մրցանակ՝ 1981), «Մեծ լռություն» (1984, հրտ.՝ 1985, նվիրված Դ. Վարուժանին), «Անավարտ մենախոսություն» (1988), «Ոտքի, դատարանն է գալիս» (1988), «Հիսուս Նազովրեցին և իր երկրորդ աշակերտը» (1999) գործերը:
Պ. Զեյթունցյանը մահացել է 2017 թվականի օգոստոսի 21-ին Երևանում:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Ընտիր երկեր, հ. 1-2, Ե., 1987:
Ծնվել է ու մահացել, Ե., 1995:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am