ՉԻԼԻՆԿԻՐՅԱՆ Գրիգոր Հովակիմի. ծնվել է 1839 թվականին Զմյուռնիայում: Հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ, հասարակական, գրական գործիչ: Սովորել է Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանում, ինքնակրթությամբ տիրապետել հունարենին, ֆրանսերենին, իտալերենին: Թուրքերեն է դասավանդել Մեսրոպյան վարժարանում: 1861-67-ին հրատարակել է «Ծաղիկ» հանդեսը: 1867-78-ին Չիլինկիրյանի թարգմանությամբ լույս են տեսել Վ. Հյուգոյի, Ա. Լամարթինի, Ա. Պրևոյի, Է. դը Միրգուրիի, Է. Սյուի, Ժ. Սանդի և այլոց ստեղծագործություններից: Գլխավորել է «Տիգրան» մասոնական մասնաժողովի գործունեությունը: Չիլինկիրյանի առաջ է քաշել արմատական ժողովրդավարական և ազատագրական գաղափարներ: Հանդիպել է Հնդկաստանից վերադարձող Մ. Ղ. Նալբանդյանին, քարոզել նրա գաղափարները: Չիլինկիրյանը պաշտպանել է Վ. Հյուգոյի «հեղաշրջական» հայացքները, համակրանքով արտահայտվել Ջ. Գարիբալդիի և նրա գլխավորած ազատագրական շարժման վերաբերյալ: Առաջ է քաշել ազգային-սոցիալիալական հարցերը «զինական հեղափոխությամբ» լուծելու խնդիրը, պաշտպանել է զեյթունցիների պայքարը: Չիլինկիրյանի հրապարակախոսության լավագույն էջերից են «Ծաղիկ» հանդեսի առաջնորդողներն ու հոդվածները, «Զմիւռնական նամականի» և «Ուղեւորութիւն ի Կոստանդնուպոլիս» (1883) նամակագրական և գեղեստա-հրապարակախոսական երկերը: Լույս է ընծայել «Վիպակներ եւ ցան ու ցիր գրուածներ» (1920) ժողովածուն:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Գրկ. Ղազարյան Հ., Գրիգոր Չիլինկիրյան. Ե., 1959:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am