ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՔԱԵՂԲԱՅՐ (1220-ական թթ. - 1289), կրթական և մշակութային գործիչ, րաբունապետ, բանաստեղծ, խմբագիր, գրիչ, ծաղկող: Կիլիկիայի Կոստանդին արքահոր կրտսեր որդին՝ նրա Բեատրիչե կնոջից, Հեթում Ա-ի կրտսեր եղբայրը (այստեղից էլ՝ Արքաեղբայր անունը): Մկրտության անունը՝ Պաղտին: Սովորել է Դրազարկի վանքում: 1259-ին նշանակվել է Լեռնային Կիլիկիայի Մոլևոն և Բարձրաբերդ գավառների հոգևոր առաջնորդ-արքեպիսկոպոս: Հիմնադրել է Գռների գրչության դպրոցը, դարձել նրա րաբունապետը: Այստեղ և Ակներում Հովհաննես Արքաղեղբայրի մասնակցությամբ կատարվել են թարգմանություններ, հնագույն ձեռագրերի վերծանություններ և սրբագրություններ: Նրա դպրոցի մանրանկարիչների մշակած ոճին բնորոշ է մարդկային մարմնի համաչափությունների ճիշտ վերարտադրությունը: Նրա սաներից են Գրիգոր Պիծակը, Ստեփանոս Վահկացին, Կոստանդին և Բարսեղ գրիչները: Որպես գրիչ՝ մասնակցել է մի շարք ընդօրինակությունների (1272, 1287 և 1289-ին գրված Ավետարանները), միագույն զարդարել դրանք: Նրանից շուրջ երկու տասնյակ ձեռագիր է պահպանվում Մատենադարանում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am