Սույն թվականի մայիսի 20-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում կայացավ «Հայոց եղեռնապատումի գրականությունը» խորագրով գիտաժողով: Այն կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ԵՊՀ միջոցառումների աշխատանքները համակարգող հանձնաժողովի, Համազգային հայ կրթական մշակութային միության և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ: Գիտաժողովին ներկա էին Երևանի գրողների միության ներկայացուցիչներ, ուսանողներ, ԵՊՀ ամբիոնների վարիչներ և դեկաններ: Գիտաժողովը բաղկացած էր հինգական զեկուցումներով երկու նիստից:

  Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր  Արամ Սիմոնյանը, ով  ողջունեց ներկաներին և նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված այս միջոցառումը ծրագրվել էր դեռ վաղուց, և այսպիսի գիտաժողովներ ու միջոցառումներ անցկացվելու  են ամբողջ տարվա ընթացքում: «Այս 100-ամյա տարելիցի օրերին մենք շատ հպարտության պահեր ապրեցինք, և դա ոչ միայն այն պատճառով էր, որ ամբողջ աշխարհը հարգեց մեր զոհերի հիշատակը, այլ նաև այն պատճառով, որ աջակիցներ ունեցանք ի դեմս կաթոլիկ եկեղեցու և Հռոմի Պապի: 36 տիեզերական վարդապետներից մեկը այսօր մեր Նարեկացին է, և դա մեզ համար շատ մեծ հպարտություն է»,-ասաց Արամ Սիմոնյանը և հավելեց, որ նախատեսվում է Հռոմի Պապի անվան լսարան բացել կամ աստվածաբանության ֆակուլտետում, կամ բանասիրության: Նա նաև շնորհակալություն հայտնեց Համազգային հայ կրթական և մշակութային միության գործադիր տնօրեն Լիլիթ Գալստյանին համագործակցության համար, ինչպես նաև՝ ֆակուլտետների ղեկավարներին գիտաժողովի կազմակերպման համար: Լ. Գալստյանը իր հերթին նշեց, որ այս գիտաժողովին ներկայացված է գրականագիտական մտքի լավագույն ընտրանին, սակայն եղեռնապատումը այնքան բազմաշերտ երևույթ է, որ անհնար է մեկ գիտաժողովի ընթացքում գրականագիտական չափանիշներով այն համակողմանի վերլուծել: 

   Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան բ.գ.դ. պրոֆեսորներ Վ. Գաբրիելյանը, Ա. Ավագյանը, Ժ. Քալանթարյանը, Ս. Մուրադյանը, Մ. Ջանփոլադյանը և այլք: Զեկուցողներն անդրադարձան ականավոր հայ գրողների ստեղծագործություններում հայոց եղեռնապատումի պոեզիայի խորհրդին, դրա դրսևորումներին և առանձնահատկություններին, ինչպես նաև՝ Եղեռնի թեմային 20-րդ դարի ռուսական պոեզիայում: Գիտաժողովի ավարտին ամփոփվեցին արդյունքները, իսկ ամբողջական զեկուցումները նախատեսվում է տպագրել առանձին ժողովածուով: