Նոյեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ Հայաստանի գրողների միության մեծ դաhլիճում կայացավ մեծ հանդիություն՝ նվիրված պոլսահայ բանաստեղծ Զահրատի 90-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա էին Սյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, սփյուռքահայ գրողներ և մտավորականներ: Հանդիսությանը մասնակցելու համար Պոլսից Հայաստան էր ժամանել Զահրատի տիկին Անայիս Եալտըզճեանը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցեց փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, որում մասնավորապես նշում է. «Սիրով, ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս արևմտահայ հանճարեղ բանաստեղծ Զահրատի (Զարեհ Եալտըզճեան) ծննդյան հոբելյանի առթիվ:
Զահրատը 20-րդ դարի երկրորդ կեսի պոլսահայ պոեզիայի խոշորագույն դեմքերից մեկն է, որն իր ինքնատիպ տաղանդով և լեզվամտածողությամբ հարստացրեց նաև հայ նորագույն պոեզիան` տալով նրան յուրօրինակ երանգ: Միևնույն ժամանակ Զահրատը մնաց դասական արևմտահայ պոեզիայի՝ Սիամանթոյի, Դ. Վարուժանի, Մ. Մեծարենցի և այլոց ճշմարիտ ժառանգորդն ու շարունակողը: Իր քերթվածքներում Զահրատը խոսում է մարդկանց ցավի ու երազների մասին, որտեղ ընդգծվում է նրա մարդասիրությունը, անանձնական սերը, մարդկանց նվիրվելու ձգտումը, համամարդկային կարեկցությունը, հույսի ու հավատի ներշնչման խոսքերը: Զահրատը կատակի, հեգնանքի լեզվով ընթերցողին է ներկայացնում իր մտորումները՝ ցույց տալով մարդկային թուլությունները, սոսկալի թերություններն ու անհարկի սովորույթները: Հանճարեղ բանաստեղծի պոեզիան աչքի է ընկնում դիպաշարային տրամաբանական զարգացումով, փիլիսոփայական մտորումներով, որոնք դրսևորվում են ընթերցողի հետ մտերմիկ զրույցի ձևով: Զահրատի պոեզիան իր մարդասիրական բովանդակությամբ, իր նրբին երանգներով ուրույն տեղ է զբաղեցնում նորագույն շրջանի հայ բանաստեղծական արվեստում»: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց բանաստեղծի հարուստ ստեղծագործական կյանքի ու գործունեության մասին: Զահրատի հետաքրքիր, բազմաշերտ պոեզիան հանգամանալից վերլուծեց ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը: Այնուհետև Զահրատի մասին գնահատանքի և դրվատանքի խոսքով հանդես եկան կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Սուրեն Դանիելյանը, Երվանդ Տեր-Խաչատրյանը, Թորոս Թորանյանը և այլք: Հեղինակի ստեղծագործությունները իր բարձրարվեստ կատարումով ներկայացրեց վաստակաշատ ասմունքող Սիլվա Կոմիկյանը: Աղբյուրը՝ ՀՀ սփյուռքի նախարարության պարբերթերթ:
|