Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միությունը, Երևանի պետական համալասարանի հետ համատեղ ս. թ. նոյեմբերի 18-19-ին կազմակերպեց «Արդի հայերենի հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողով: Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ հայերենը աշխարհի 50 ամենաազդեցիկ լեզուների շարքին է դասվում, և իր ելույթում անդրադարձավ հայերենի լեզվական բարդ խնդիրներին՝ հատկապես արևմտահայերենի հետ կապված: Այնուհետև ելույթով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա մասնավորապես կարևորեց հայագիտական ոլորտների մասնագիտական ուսումնասիրությունները՝ խորհուրդ տալով չկենտրոնանալ մանրամասնությունների վրա, այլ ավելի լայն դաշտով կատարել քննարկումները, ընդ որում՝ ներառելով նաև հայոց պատմության հիմնախնդիրները: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ևս հանդես եկավ զեկույցով: Իր զեկույցը սկսեց հայոց լեզվի մասին պատմական ակնարկով, անդրադարձավ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կազմակերպած Հայոց լեզվի մերձեցման գիտաժողովին՝ հայտնելով, որ նմանատիպ նիստերը գնալով շատանում են հօգուտ մեր ազգային շահերի:
Իր հերթին Լիբանանի համազգային միության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը զեկույցի ընթացքում անդրանադարձավ լեզուների զարգացման գործընթացին: Նա իր մտահոգությունները հայտնեց արևմտահայերենի ու արևելահայերենի առանձին դասավանդման հետ կապված: Խոսեց արևելյան հայերենից արևմտյան հայերեն թարգմանության ընթացքում հանդիպող տգեղ երևույթների մասին: Ընթացքում Հայաստանի Համազգային միության նախագահ Գալստյան Լիլիթն էլ իր գոհունակությունը հայտնեց ԵՊՀ-ի հետ համագործակցության առնչությամբ: Սփյուռքահայ զեկուցողներից Անահիտ Տոնապետյանը իր ելույթում ադրադարձավ սփյուռքի շրջանակներում լեզվի պահպանմանն ուղղված մարտահրավերներին: Այնուհետև հանդես եկավ Կանադայի Մոնրեալ քաղաքի հայկական վարժարանի ուսուցչուհի Սոնիա Քիլեճյանը, ով մեծագույն մտահոգություն հայտնեց հայերենը որպես մայրենի և ոչ թե որպես մշակութային ժառանգություն կիրառելու վերաբերյալ: Սոնիա Քիլեճյանը ներկայացրեց այնտեղի ամենօրյա և շաբաթօրյա դպրոցների ծրագրերն ու երեխաների մոտեցումը հայերեն լեզվի նկատմամբ: Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսուցիչների վերապատրաստման բաժնի պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը իր մտահոգությունները հայտնեց մասնագիտական ոլորտներում արևմտահայերենի սեղմ ծավալներով դասավանդելու վերաբերյալ: ԵՊՀ-ի սփյուռքագիտության ամբիոնի պրոֆեսոր Հակոբ Չոլաքյանը բացատրեց ավանդական ուղղագրության որոշ բնույթներ, մասնավորապես՝ «է» և «ե» գիրերի դասական կանոնները՝ առաջարկելով, որ արդիաական որևէ փոփոխություն լինի միասնական որոշման արդյունքում: Գիտաժողովն ամփոփելիս նիստի ղեկավարները խոստացան պետական մակարդակով ներկայացնել հնչեցրած բազմազան առաջարկները՝ նկատի ունենալով, որ հայոց լեզվի կարգավորումն ու զարգացումը ի նպաստ համայն հայության է:
|