Սույն թվականի մայիսի 20-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում կայացավ «Հայոց եղեռնապատումի գրականությունը» խորագրով գիտաժողով: Այն կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ԵՊՀ միջոցառումների աշխատանքները համակարգող հանձնաժողովի, Համազգային հայ կրթական մշակութային միության և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ: Գիտաժողովին ներկա էին Երևանի գրողների միության ներկայացուցիչներ, ուսանողներ, ԵՊՀ ամբիոնների վարիչներ և դեկաններ: Գիտաժողովը բաղկացած էր հինգական զեկուցումներով երկու նիստից:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով ողջունեց ներկաներին և նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված այս միջոցառումը ծրագրվել էր դեռ վաղուց, և այսպիսի գիտաժողովներ ու միջոցառումներ անցկացվելու են ամբողջ տարվա ընթացքում: «Այս 100-ամյա տարելիցի օրերին մենք շատ հպարտության պահեր ապրեցինք, և դա ոչ միայն այն պատճառով էր, որ ամբողջ աշխարհը հարգեց մեր զոհերի հիշատակը, այլ նաև այն պատճառով, որ աջակիցներ ունեցանք ի դեմս կաթոլիկ եկեղեցու և Հռոմի Պապի: 36 տիեզերական վարդապետներից մեկը այսօր մեր Նարեկացին է, և դա մեզ համար շատ մեծ հպարտություն է»,-ասաց Արամ Սիմոնյանը և հավելեց, որ նախատեսվում է Հռոմի Պապի անվան լսարան բացել կամ աստվածաբանության ֆակուլտետում, կամ բանասիրության: Նա նաև շնորհակալություն հայտնեց Համազգային հայ կրթական և մշակութային միության գործադիր տնօրեն Լիլիթ Գալստյանին համագործակցության համար, ինչպես նաև՝ ֆակուլտետների ղեկավարներին գիտաժողովի կազմակերպման համար: Լ. Գալստյանը իր հերթին նշեց, որ այս գիտաժողովին ներկայացված է գրականագիտական մտքի լավագույն ընտրանին, սակայն եղեռնապատումը այնքան բազմաշերտ երևույթ է, որ անհնար է մեկ գիտաժողովի ընթացքում գրականագիտական չափանիշներով այն համակողմանի վերլուծել:
Վերադառնալ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am