Նորություններ
Տպել

 

 

  Նոյեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ Հայաստանի գրողների միության մեծ դաhլիճում կայացավ մեծ հանդիություն՝ նվիրված պոլսահայ բանաստեղծ Զահրատի 90-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա էին Սյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, սփյուռքահայ գրողներ և մտավորականներ: Հանդիսությանը մասնակցելու համար Պոլսից Հայաստան էր ժամանել Զահրատի տիկին Անայիս Եալտըզճեանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցեց փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, որում  մասնավորապես նշում է. «Սիրով, ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս արևմտահայ հանճարեղ բանաստեղծ Զահրատի (Զարեհ Եալտըզճեան) ծննդյան հոբելյանի առթիվ:

Զահրատը 20-րդ դարի երկրորդ կեսի պոլսահայ պոեզիայի խոշորագույն դեմքերից մեկն է, որն իր ինքնատիպ տաղանդով և լեզվամտածողությամբ հարստացրեց նաև հայ նորագույն պոեզիան` տալով նրան յուրօրինակ երանգ: Միևնույն ժամանակ Զահրատը մնաց դասական արևմտահայ պոեզիայի՝ Սիամանթոյի, Դ. Վարուժանի, Մ. Մեծարենցի և այլոց ճշմարիտ ժառանգորդն ու շարունակողը: Իր քերթվածքներում Զահրատը խոսում է մարդկանց ցավի ու երազների մասին, որտեղ ընդգծվում է նրա մարդասիրությունը, անանձնական սերը, մարդկանց նվիրվելու ձգտումը, համամարդկային կարեկցությունը, հույսի ու հավատի ներշնչման խոսքերը:

Զահրատը կատակի, հեգնանքի լեզվով ընթերցողին է ներկայացնում իր մտորումները՝ ցույց տալով մարդկային թուլությունները, սոսկալի թերություններն ու անհարկի սովորույթները:

Հանճարեղ բանաստեղծի պոեզիան աչքի է ընկնում դիպաշարային տրամաբանական զարգացումով, փիլիսոփայական մտորումներով, որոնք դրսևորվում են ընթերցողի հետ մտերմիկ զրույցի ձևով:

Զահրատի պոեզիան իր մարդասիրական բովանդակությամբ, իր նրբին երանգներով ուրույն տեղ է զբաղեցնում նորագույն շրջանի հայ բանաստեղծական արվեստում»:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց բանաստեղծի հարուստ ստեղծագործական կյանքի ու գործունեության մասին:

Զահրատի հետաքրքիր, բազմաշերտ պոեզիան հանգամանալից վերլուծեց ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը:

Այնուհետև Զահրատի մասին գնահատանքի և դրվատանքի խոսքով հանդես եկան կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Սուրեն Դանիելյանը, Երվանդ Տեր-Խաչատրյանը, Թորոս Թորանյանը և այլք:

Հեղինակի ստեղծագործությունները իր բարձրարվեստ կատարումով ներկայացրեց վաստակաշատ ասմունքող Սիլվա Կոմիկյանը:

Աղբյուրը՝ ՀՀ սփյուռքի նախարարության պարբերթերթ:

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am